Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Իտալիայի Տրեվիզո նահանգի փոխնախագահ Ֆլորիանո Զամբոնի հանդիպման վերաբերյալ
03 օգոստոսի, 2007Ս.թ. օգոստոսի 3-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց գյուղերի զարգացման ծրագրերին աջակցելու նպատակով Հայաստանում գտնվող Տրեվիզո նահանգի փոխնախագահ, Քոնելյանո քաղաքային խորհրդի նախագահ դոկտոր Ֆլորիանո Զամբոնի (Dr. Floriano ZAMBON) գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ ` նախարար Օսկանյանը վստահություն հայտնեց, որ այն նշանակալից խթան կհանիսանա Հայաստանի եւ Իտալիայի մարզերի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար, ինչին մեծապես կնպաստի երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը:
Իր հերթին, պրն. Զամբրոնին ներկայացրեց այցի հիմնական նպատակները` Վայոց Ձորի մարզում գյուղական համայնքների, մասնավորապես, Արենի գյուղի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Հյուրը տեղեկացրեց, որ արդեն մշակվում են համագործակցության ծրագրեր գինեգործության, տուրիզմի, ինչպես նաեւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում եւ նշեց Մխիթարյան միաբանության աջակցությունը Հայաստանի հետ կապերի ստեղծման գործում:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հայ-իտալական գործարար կապերի ներկա վիճակին ու դրանց ընդլայնման հեռանկարին:
Հանդիպմանը իտալական կողմից մասնակցում էին նաեւ Քոնելյանո քաղաքի քաղաքապետ Ալբերտո Մանիերոն, խորհրդական Մարիո Բերգամոն: